Առաջին քառորդի գնահատականներ

Առաջին քառորդի գնահատականներ

Կոնկրետ մաթեմատիկա առարկայի ուսուցման պարագայում խնդիրներ առանձնապես չեմ ունեցել։ Թերեւս, իմ կարծիքով, կրթահամալիրում չափազանց քիչ ժամ է հատկացված մաթեմատիկային՝ այլ ուղղություններ ընտրած սովորողների համար։ Ըստ ինձ՝ մաթեմատիկային տրվող շաբաթական երկու ժամը շատ քիչ է, եւ խնդիրն առավելապես ոչ թե քննություն հանձնելու կամ չհանձնելու մեջ է, այլ նրա, որ սովորողին՝ անգամ հումանիտար կամ ստեղծագործական հոսքերով գնացած սովորողին, միեւնույնն է, անհրաժեշտ են որոշակի քանակությամբ սկզբնական մակարդակի գիտելիքներ մաթեմատիկական ոլորտում՝ ինքնազարգացման, ուղեղի մարզման եւ տրամաբանության համար։ Նույնիսկ արվեստի ոլորտի շատ հայտնի գործիչներ են ընդգծել մաթեմատիկայի կարեւորությունը բոլոր ոլորտներում։

Դժվար է ասել՝ արդյոք առաջադիմել եմ անցյալ տարվա համեմատ, թե հետընթաց գրանցել։ Իմ նախորդ՝ Ֆիզմաթ դպրոցում եւ Սեբաստացի կրթահամալիրում ամեն ինչ չափազանց տարբեր է՝ ներառյալ գնահատման համակարգը։ Մաթեմատիկայում, համենայն դեպս, հաստատ հետընթաց եմ գրանցել, չնայած, որ Ֆիզմաթում հազիվ էի կարողանում բավարար գնահատական ստանալ (ինչպես արդեն նշեցի՝ չափազանց տարբեր են գնահատման համակարգերը)։ Մեղավորն, անշուշտ, կրթահամալիրում մաթեմատիկային տրվող շաբաթական խղճուկ 2 ժամն է։ Այնուամենայնիվ՝ հույս ունեմ գոնե արդեն իմացածս չկորցնել, զբաղվելով մաթեմատիկայով դասերից դուրս։

Leave a comment