«Կարամազով եղբայրներ»․ վերլուծություն

«Կարամազով եղբայրներ»-ը Ֆյոդոր Դոստոեւսկու վերջին ստեղծագործությունն է, եւ պետք նրա ստեղծագործական մտքի գագաթնակետը լիներ։ Ցավոք՝ հեղինակը մահացավ՝ այս վեպը թողնելով անավարտ։ Նույնիսկ իր անավարտ տեսքով՝ «Կարամազով եղբայրներ»-ը մեծ նշանակություն ունի համաշխարհային գրականության մեջ։

Ստեղծագործության մեջ կան շատ գործող հերոսներ, սակայն նրանցից գլխավորը չորսն են՝ հենց Կարամազով եղբայրները եւ իրենց հայրը։ Վեպն այն մասին է, որ ավագ եղբայր Դմիտրին եւ եղբայրների հայրը՝ Ֆյոդորը, սիրահարվում են միեւնույն աղջկան՝ Ագրիֆինա Ալեքսանդրովնային, կամ Գրուշենկային։ Իր հերթին՝ Գրուշենկան կյանքից հիասթափություն ապրած շահամոլ երիտասարդ աղջիկ էր, ով փորձում էր իր համար լավագույն կյանքի պայմաններ ստանալ՝ խաղալով ե՛ւ հոր, ե՛ւ որդու զգացմունքների հետ։ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովը եղբայրների հայրն է։ Նա հեշտամոլ է եւ խեղկատակ։ Իր ամբողջ կյանքում նա իր իսկ զզվելի բնավորության պատճառով ընկել է շատ անախորժությունների մեջ, եւ միշտ կարողացել է դուրս գալ դրանցից՝ շնորհիվ իր ճկունության։ Ֆյոդոր Պավլովիչն ունի բոլոր այն հատկությունները, որոնք կարող են ընթերցողի մոտ հակակրանք առաջացնել իր հանդեպ։ Նա հարբեցող է, սկանդալիստ, բամբասկոտ, ամբողջ քաղաքի գինետներով մեկ իր ընտանեկան խնդիրներն է բարձրացնում՝ խայտառակելով որդիներին եւ ինքն էլ խայտառակվելով բարձր հասարակության աչքերում։ Միշտ թքած է ունեցել իր երկու կանանց եւ իր սեփական երեխաների վրա՝ նույնիսկ հաճախ մոռանալով, թե ո՛ր երեխան ո՛ր մորից է։ Երկու կանանց էլ ծեծել է եւ երկուսի հանդեպ էլ հավատարիմ չի եղել։ Նրա ավագ որդին՝ Դմիտրին, մասամբ ժառանգել է հոր բնավորության բացասական կողմերը։ Նա էլ էր սիրում հարբել, ամենքին պատմել իր ընտանեկան գործերը, պոռոտախոսել, ծեծկռտուքներ հրահրել։ Չնայած այս ամենին՝ բոլորը նրան սիրում են, քանի որ հոգով նա բարի է։ Եւ նույնիսկ երբ Դմիտրիին մեղադրում են իր հորը սպանելու մեջ, նա, միեւնույն է, բարձր հասարակության աչքերում կա՛մ անմեղ, կա՛մ ներման արժանի է երեւում։ Դմիտրին նշանված է այլ կնոջ՝ Կատերինա Իվանովնայի հետ, սակայն չի սիրում նրան։ Կատերինա Իվանովնայի ազգակցուհիներին 3000 ռուբլի ուղարկելու հանձնարարությամբ այդ գումարը Կատերինայից ստանալով՝ նա մոռանում է հարսնացուի հանձնարարությունը եւ իսկույն վատնում գումարը՝ Գրուշենկայի հետ ժամանակ անցկացնելով։ Ափսոսալով իր պահվածքի համար՝ նա նամակ է գրում Կատերինա Իվանովնային հետեւյալ բովանդակությամբ՝ «ես ամեն ինչ կանեմ վաղն այդ գումարը քեզ տալու համար, իսկ եթե չկարողանամ հայթայթել այն, կսպանեմ մեկին եւ կթալանեմ նրան»։ Հոր հետ չափազանց վատ հարաբերությունների ֆոնին, որոնք փչացել էին Գրուշենկայի հանդեպ տածած նրանց սիրով, Դմիտրին որոշում է սպանել Ֆյոդոր Պավլովիչին։ Սակայն վճռական պահին նա չի կարողանում սպանել հորը եւ հեռանում է։ Ծառա Սմերդյակովը՝ Ֆյոդոր Կարամազովի խոհարարը, օգտվում է առիթից եւ ի՛նքն է սպանում տիրոջը՝ գողանալով նրանից 3000 ռուբլի։ Մինչ այդ Դմիտրին գնում է Գրուշենկայի մոտ, ով հասկանում է, որ ինքն ու Դմիտրին պիտի միասին լինեն, եւ որ Դմիտրին է իր ընտրյալը։ Բայց շուտով Ֆյոդոր Պավլովիչի դիակը հայտնաբերում են, եւ գլխավոր կասկածյալը Դմիտրին է դառնում, քանի որ նա մինչ այդ հասցրել էր գինետանը գոռգոռալ, թե, իբր՝ կսպանի հորը։ Եւ Ֆյոդոր Պավլովիչի մոտից էլ գողացվել էր 3000 ռուբլի, իսկ դա հենց այն գումարի չափն էր, որը Դմիտրին պարտք էր մնացել իր հարսնացուին։ Կարեւոր հանցանշան է դառնում նաեւ Դմիտրիի՝ Կատերինա Իվանովնային գրած վերոհիշատակյալ նամակը։ Ի վերջո՝ Դմիտրիին դատապարտում են տաժանակիր աշխատանքների, սակայն Իվանը՝ միջնեկ եղբայրը, Կատերինա Իվանովնայի հետ մեկտեղ նախագծում է նրա փախուստը Ամերիկա՝ Գրուշենկայի հետ միասին։ Իվանը կրթված երիտասարդ էր։ Լինելով չափազանց խելացի՝ նա չափազանց արագ էր ամեն ինչից ձանձրանում, եւ իրեն զբաղմունք գտնելու համար ամսագրերում հեգնական հոդվածներ էր գրում՝ պաշտպանելով հոգեւորականությունը, թեեւ՝ իրականում աթեիստ էր։ Երբ Սմերդյակովը նրան ակնարկում է, որ սպանելու է Ֆյոդոր Պետրովիչին, Իվանը ոչ միայն ոչինչ չի ձեռնարակում, այլ նաեւ ուրախանում է․ հայրը խայտառակում էր նրան հասարակության աչքերում, իր վրա (ինչպես եւ մյուս եղբայրների վրա) թքած ուներ, եւ, ի վերա այսր ամենայնի, տարիների խեղկատակության շնորհիվ կուտակել էր հսկայական ունեցվածք, որից Իվանը պիտի որ ժառանգություն ստանար, եթե հայրը մահանար։ Իվանը ուներ հոգեկան հիվանդություն, որը, վեպի ընթացքում զարգանալով, ի վերջո հանգեցնում է նրա գրեթե լիակատար խելագարությանը։ Ըստ ամենայնի՝ նա շուտով պետք է մահանար (սակայն անավարտ վեպը կանգ է առնում մինչեւ այդ պահը)։ Սմերդյակովը նրան խոստովանում է, որ ինքն է սպանել նրա՝ Իվանի հորը, եւ ցինիկորեն հայտարարում, թե Իվանի այն ժամանակ ցուցաբերած անգործությունը նրան դարձնում է իր հանցակիցը, ինչը մասամբ ճշմարտություն էր։ Իվանը սկսում է մտատանջվել սրա պատճառով, եւ դա վերջնականապես խարխլում է նրա առողջությունը։ Իվանը վաղուց էր սիրահարվել Կատերինա Իվանովնային, եւ փոխադարձաբար, սակայն երկուսն էլ պայքարում էին իրենց այդ զգացմունքների դեմ՝ իրենց հպարտությունից եւ պնդաճակատությունից դրդված։ Իվանը, ով միշտ խորշում էր ավագ եղբորից, հիմա սկսում է նրան է՛լ ավելի վատ վերաբերվել՝ ցանկանալով նրան կործանել, որպեսզի նա եւ Կատերինա Իվանովնան չամուսնանան, սակայն ի վերջո Իվանի մեջ բարին հաղթանակում է եւ նա դատարանում պատմում է այն ամենը, ինչ նրան խոստովանել էր Սմերդյակովը, բայց հիվանդության պատճառով ընկնում է տենդի մեջ, եւ չի կարողանում տեղը տեղին ամեն ինչ բացատրել։ Այնինչ պարզվում է՝ Սմերդյակովն ինքնասպան է եղել, եւ այլեւս անհնար է նրան հարցաքննելը։ Այսպիսով՝ Իվանին չեն հավատում։ Սակայն Մոսկվայից վարձված լավ փաստաբանը կարողանում է Դմիտրիին արդարացնել դատավորների աչքերում։ Հասկանալով, որ Դմիտրիին կարդարացնեն իրեղեն ապացույցների բացակայության պատճաով, եւ ի՛նքն էլ ցանկանալով ազատվել փեսացուից, որպեսզի ամուսնանա Իվանի հետ, Կատերինա Իվանովնան դատի ժամանակ, գտնվելով տենդային վիճակում, ցույց է տալիս Դմիտրիի նամակը, որն էլ դառնում է նրա դեմ վճռական փաստ։ Այնուամենայնիվ՝ երբ Դմիտրիին դատապարտում են, նա ափսոսում է եւ Իվանի հետ մեկտեղ որոշում կազմակերպել Գրուշենկայի եւ Դմիտրիի փախուստը։ Բացի դրանից՝ Իվան Կարամազովը հասցնում է կրտսեր եղբոր՝ Ալյոշայի հարսնացուին՝ հաշմանդամ Լիզային հրապուրել։ Աղջիկը հրապուրվում է ե՛ւ Իվանով, ե՛ւ նրա ցինիկ ու կործանարար գաղափարախոսությամբ։ Իվանի բացասական ազդեցությունը Լիզայի վրա այնքան մեծ էր, որ Լիզան Ալյոշային խոստովանում է, որ նրա հետ հանդիպելուց հետո ցանկանում է վառել իրենց տունը։ Իվանի պատճառով Լիզան նաեւ սկսում է զբաղվել ինքնախարազանմամբ, եւ չեղարկում է իր եւ Ալյոշայի նշանդրեքը։
Ամենաերիտասարդ եղբայրը՝ Ալյոշան, թողել էր ուսումը եւ մտել վանք՝ դառնալով դպիր։ Նա ամուր հոգեկան կապ էր ձեռք բերել իր սրբահոր՝ հայր Զոսիմայի հետ։ Հայր Զոսիմայի կյանքի պատմությանը, որը նա պատմում է մահանալուց անմիջապես առաջ, նվիրված են վեպի 1000-ից ավել էջերից 100-ը։ Այստեղ, իհարկե, երեւան է գալիս Դոստոեւսկուն բնորոշ կրոնամոլությունը եւ արմատական քրիստոնեականությունը։ Սրբահոր մահից հետո Ալյոշան, ըստ նրա պատգամի, դուրս է գալիս վանքից։ Նա հանդիպում է վերոհիշատակյալ Լիզային եւ իր եղբայրներին։ Երբ նա իմանում է, որ Դմիտրին կասկածվում է իրենց հորը սպանելու մեջ, Ալյոշան ոչ մի րոպե չի հավատում, որ դա կարող է Դմիտրին արած լինել։ Ալյոշան բարեսիրտ է, ազնիվ, իրատես, սիրում է երեխաներին։ Իր ընտանիքի մյուս անդամների համեմատ՝ Ալյոշան միակ «սուրբն է»։ Դա հեղինակի կողմից արված է միտումնավոր, որպեսզի մենք սկսենք նրան ամենաշատը սիրել։

Վեպն ի սկզբանե պիտի ունենար շարունակություն։ Ըստ Դոստոեւսկու կնոջ, ով պատմել է այս մասին հեղինակի մահից տարիներ անց, շարունակությունը պետք է լիներ հերոսների երեխաների մասին եւ կոչվեր «Дети» (երեխաներ)։ Իվանին եւ Կատերինա Իվանովնային պիտի չհաջողվեր փախցնել Դմիիտրիին, եւ նա պիտի ստիպված լիներ 20 տարի տաժանակիր աշխատանքներով զբաղվել։ Ալյոշան պիտի ամուսնանար Լիզայի հետ, բայց հետո թողներ նրան եւ գնար միայնակ մնացած Գրուշենկայի մոտ՝ հրապուրվելով նրանով իր «կարամազովականության» պատճառով (այս բառը վեպում հաճախ է օգտագործվում տարբեր հերոսների եւ հեղինակի կողմից՝ բնութագրելու համար Կարամազով ընտանիքի անդամների վատ մարդկային հատկանիշները)։ Ի վերջո, ծերանալով՝ Ալյոշան պետք է վերադառնար վանք եւ դառնար ճգնավոր։

Ընդհանուր առմամբ այս վեպը, ինչպես եւ Դոստոեւսկու մյուս վեպերը, այսօր էլ՝ երկու դար անց, արդիական է։ Բոլոր մարդիկ էլ, քիչ թե շատ, ունեն կարամազովականության տարր։ Կարամազովականությունը մարդու բնույթն է եւ էությունը։ Բոլոր մարդիկ էլ կարող են հեշտությամբ տրվել կիրքերին եւ գայթակղություններին այնքան, որ մոռանան իրենց հարազատների եւ մերձավորների մասին, եւ նույնիսկ նրանց վատը ցանկանան՝ հանուն իրենց այսրոպեական ցանկությունների իրագործմանը։ Կարամազով ընտանիքը մեր հասարակության աբսուրդիզացված արտացոլանքն է։ Այդ ամենը առավել արդիական էր Դոստոեւսկու ժամանակաշրջանում, երբ ուրբանիզացիայի մեծ մասշտաբների հետեւանքով մարդիկ հեռանում էին իրենց ընտանիքներից եւ ազգականներից, ովքեր ապրում էին գյուղերում, եւ հաստատվում քաղաքում՝ կտրվելով ավանդական ընտանեկան միջավայրից։ Այսօր էլ՝ հետարդյունաբերական աշխարհում, մարդիկ բախվում են այդ խնդրին։ Քանի որ բնակարանաշինությունը վերջին մի քանի տասնյակ տարիներում շատ է առաջ ընթացել, այժմ ամեն ընտանիք նույնիսկ քաղաքում ունի իր սեփական բնակարանը, եւ մարդիկ դառնում են է՛լ ավելի իրարից կտրված, է՛լ ավելի սառը եւ անզգա։ Կարծես՝ թքած ունենալը, ժամանակակից մարդու իմ ամենաատած խնդիրը, եւս սկիզբ է առնում, այդ թվում, միայնակ ապրելուց, ազգականներին մոռանալուց։ Ավելին՝ ի թիվս այլ խնդիրների՝ նաեւ հենց դա է պատճառը, որ ժամանակակից մարդն առավել եսակենտրոն է, քան երբեւէ։ Թեեւ՝ ես չեմ ասում, որ դա միանշանակ վատ է, միեւնույն է, դա էլ է բացասական ազդեցություն ունենում ամենամոտ մարդկանց հարաբերություններում։ Հետաքրքական է, որ Դոստոեւսկու գաղափարախոսության մեջ նաեւ առկա է հրեատյացություն․ բոլոր հրեաները ներկայացված են բացասական լույսի ներքո, ընդ որում՝ հեղինակը նրանց միշտ անվանում է «ջհուդ» անունով։ Այս ստեղծագործության մեջ նաեւ երեւում է հեղինակի բացասական վերաբերմունքը լեհերի նկատմամբ․ բոլոր գործող լեհ հերոսները կամ տխմար են, կամ անընդհատ աքլորանում են։ Դուրեկան հերոսները պարբերաբար լավ հատկանիշներ են վերագրում ռուս ժողովրդին, իսկ ոչ հասուն, երիտասարդ հերոսները, որոնք ներկայացվում են որպես անգրագետ կամ դեռ կյանքից չհասկացող, փնովում են ռուս ժողովրդին եւ Ռուսաստանը (չեմ ասում՝ դա լավ է, թե վատ, ուղղակի փաստն եմ արձանագրում)։

«Կարամազով եղբայրներ»-ը ստեղծագործություն է մարդու չար հատկանիշների մասին, մարդկային հարաբերությունների դժվարության, նրա, թե ինչքան հեշտ է մարդու հոգեկան աշխարհը կործանվում արտաքին նույնիսկ թեթեւ ազդեցության տակ։ Ընդհանուր առմամբ վեպն ինձ դուր եկավ։ Եթե համեմատենք «Ոճիր եւ պատիժ»-ի հետ, ապա անշուշտ «Ոճիր եւ պատիժ»-ը ինձ վրա շատ ավելի խորը տպավորություն գործեց, եւ նույնիսկ հետք թողեց իմ կյանքում եւ աշխարհայացքի մեջ։