Առաջին աշխարհամարտ

1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։
Ըստ իս՝ պատճառն այն էր, որ մեծ տերություններից ոչ մեկը այդ պահի դրությամբ գոհ չէր իր զբաղեցրած դիրքերով, եւ բոլորն իրենց նկրտումներն ունեին՝ աշխարհում առավել գերիշխան դիրքը զբաղեցնել։
2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։

Գերմանիան ցանկանում էր տարածել իր ազդեցությունը Ռուսաստանի արեւմտյան հողերի վրա, որոնք միշտ բերրի եւ շահութաբեր են համարվել։ Բացի դրանից՝ Գերմանիան ցանկանում էր հասնել եւ անցնել մյուս տերություններին գաղութների հարցում, քանի որ այն գրեթե զուրկ էր դրանցից։
Ռուսաստանը ցանկանում էր ստանալ Արեւմտյան Հայաստանը, ինչպես նաեւ գրավել Կոստանդնուպոլիսը, որպեսզի կարողանա վերահսկել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները՝ դարձնելով ողջ Սեւ ծովի ավազանը իր ազդեցության գոտին։
Օսմանյան կայսրությունը ցանկանում էր գրավել Կովկասյան մահմեդական ժողովուրդներին, եւ կապ տեղծել Միջին Ասիայի թյուրքախոս ազգերի հետ՝ ստեղծելու համար համաթյուրքական պետություն։ Թուրքերը նաեւ ցանկանում էին վերադարձնել իրենց եւրոպական տարածքները Բալկաններում։
Ավստրո-Հունգարիան ցանկանում էր տարածել իր ազդեցության գոտին Բալկաններում դեպի հարավ, եւ դեպի արեւելք՝ Ռուսական կայսրության (այժմյան Ուկրաինայի), եւ Ռումինիայի տարածքների վրա։
Ֆրանսիան ցանկանում էր իր ավանդական թշնամուն՝ Գերմանիային ջախջախիչ պարտության մատնել եւ վրեժխնդիր լինել՝ Ֆրանկա-Պրուսսական վերջին պատերազմում տարած ամոթալի պարտության համար, վերադարձնելով կորցրած հողերը։
3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը
։
Նախ՝ ԱՄՆ-ն, ի շնորհիվ սկզբում զբաղեցրած չեզոք դիրքի, գերիշխող դիրք ստացավ միջազգային ասպարեզում, որը մինչ օրս պահպանում է։ Եւրոպայում փլուզվեց 4 կայսրություն՝ Ռուսական, Օսմանյան, Ավստրո-Հունգարական եւ Գերմանական։ Գերմանիան դարձավ Անտանտի երկրների «քավության նոխազը», ինչի պատճառով էլ հետագայում այնտեղ ռեւանշիստական ալիքի վրա իշխանության եկավ Հիտլերը։ Պատերազմի պատճառով ստեղծված սովի եւ վատ դրության շնորհիվ բոլշեւիկները կարողացան Ռուսաստանում հեղաշրջում իրականացնել եւ զավթել իշխանությունը։ Եւրոպայում ստեղծվեցին նոր ազգային պետություններ։

Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները

1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
Պատերազմների բնույթը նոր ժամանակներում կտրուկ կերպով փոխվեց։ Մինչդեռ միջնադարում պատերազմը հասարակական հատուկ խավերի՝ զինվորականների եւ վարձկանների պարտականությունն էր, այժմ պատերազմը դարձավ ավելի համընդհանուր՝ ստեղծվեցին կանոնավոր բանակներ, որոնցում պարտավոր էին ծառայել տվյալ պետության բոլոր առողջ տղամարդիկ։ Բացի դրանից՝ մեծ դեր խաղաց տեխնոլոգիական առաջխաղացումը, ի հայտ եկան զենքերի նոր տեսակներ, նոր ժամանակների վերջերում ստեղծվեցին սուզանավեր, նռնակներ, ռազմական ավիացիա եւ այլն։ Սկսեցին կիրառվել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են թունավոր գազը։ Նոր դարերում պատերազմների հիմնական պատճառն այն էր, որ թափ առած ազգայնականության ոգու շնորհիվ՝ նվաճյալ փոքր ազգերը անկախության պայքար սկսեցին մղել մեծ տերությունների դեմ, իսկ մեծ տերություններն, իրենց հերթին, ոչ միայն փորձում էին պահպանել արդեն նվաճած տարածքները, այլ նաեւ իրենց ազդեցության գոտիներն ընդլայնել։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ
1945-ից սկսված Եւրոպայում համեմատաբար քիչ պատերազմներ են տեղի ունեցել։ Սրա պատճառն, ըստ իս, այն է, որ պետությունները, առավել եւս՝ մեծ տերությունները, հասկացել են, որ ժամանակակից եւրոպական պատերազմը ոչ ոքի ձեռնտու չէ․ եթե նախկինում նվաճյալ հողերը շահույթ էին բերում եւ փոխհատուցում էին դրանց գրավումը՝ հարկերի տեսքով, ապա այժմ պատերազմը դարձել է չափազանց ավերիչ՝ ցանկացած պատերազմ սրբում է քաղաքները, ոչնչացնում ենթակառուցվածքները։ Գրավյալ տարածքները տասնյակ տարիներ շարունակ լինելու են ֆինանսական փոս՝ դրանք գրավողի համար։ Դրա վառ օրինակներն են Ամերիկայի ներխուժումը Իրաք եւ Աֆղանստան, կամ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածների զավթումը։ Բացի դրանից, գրավելով տարածքներ՝ դու ստանում ես անկայունության գոտի, քանի որ այդ տարածքում ապրող մարդիկ ատում են քո պետությունը, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կանցնեն դիվերսիաների կազմակերպման կամ պարտիզանական պատերազմի։ Նույն Աֆղանստանի կամ Ուկրաինայի փորձը դա է հուշում։ Կամ էլ գրավյալ տարածքը պիտի այնպիսի հսկայական նշանակություն ունենա, որը «կարժենա» դրա համար թափած արյան կամ ծախսած գումարի չափին։ Օրինակ՝ Արցախի զավթումը Ադրբեջանի կողմից այդ պետության իշխանության համար ուներ հսկայական նշանակություն՝ սեփական երկրի ներսում լեգիտիմությունը պահպանելը, իսկ մնացած բոլոր հարցերը, ներառյալ իրենց տարած հսկայական մարդկային զոհերին, արդեն երկրորդական էին Ադրբեջանի իշխանության համար։ Նույնն այժմ կարելի է ասել Պուտինի վարչակարգի եւ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

  1. Որո՞նք են Հայոց ցեղասպանության հետևանքները։
    Հայոց ցեղապսանությունն այնպիսի մեծ հետեւանքներ է թողել պատմության մեջ, որ մենք ցայսօր դրանց հետ ստիպված ենք հաշվի նստել։ Նախ՝ Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան հայաթափվեցին։ Երկրորդ՝ հայկական սփյուռքը զգալիորեն ընդլայնվեց։ Երրորդ՝ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ստեղծվեց մինչեւ օրս էլ գոյություն ունեցող ոխերիմ թշնամության ոգին։ Չորրորդ՝ հայերի մեջ առաջացավ խմբակային տրավմա՝ ցեղասպանության կրկնությունը դարձավ հայերի մեծագույն վախը։ Հինգերորդ՝ արեւմտյան պետությունները ստացան Թուրքիայի վրա ազդեցության լծակ՝ ցեղասպանության ճանաչման կամ կորուստների Թուրքիայի կողմից փոխհատուցման մասին սպառնալիքների տեսքով։
  2. Ինչպե՞ս էին Մեծ տերությունները և միջազգային հեղինակավոր անձինք արձագանքում կատարվող հայոց ջարդերին։
    Հարյուր տարի առաջ էլ, ինչպես հիմա, Մեծ տերությունները սահմանփակվում էին կոչերով եւ խիստ անհանգստություն արտահայտելով։ Եթե Անտանտի անդամ պետությունները, որոնք ցեղասպանության կատարման ժամանակ Թուրքիայի դեմ պատերազմում էին, գուցեեւ չունեին բավարար լծակներ՝ տեղի ունեցողը կանխելու կամ կանգնեցնելու, ապա Թուրքիայի դաշնակիցները՝ Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան, որոնցից Օսմանյան կայսրությունը զգալիորեն կախված էր, կարող էին, ըստ իս, որոշակի քայլեր ձեռնարկել՝ ցեղասպանությունը կանգնեցնելու համար, սակայն ոչինչ չձեռնարկեցին։ Այդ պատճառով այսօր շատերը համարում են, որ Գերմանիան իր մեղքի չափաբաժինն ունի ցեղասպանության մեջ։
  3. Բնութագրե՛ք «Ցեղասպանություն» հասկացությունը։
    Ցեղասպանությունը բնակչության որոշակի խմբի կանխամտածված ոչնչացումն է՝ ազգային, կրոնական կամ ռասսայական սկզբունքով։ Կան չափանիշներ, ըստ որոնց կարելի է հասկանալ՝ արդյոք կատարված գործողությունները կարելի է համարել ցեղասպանություն։ Դրանցից են՝ որոշակի խմբի անդամների զանգվածային սպանությունները, այդ խմբին պատկանողների երեխաներին ձեռքից վերցնել եւ այլ ընտանիքներին տալը, այդ խմբի մարդկանց ժառանգականությունից ինչ-որ կերպով զրկելը, եւ այլն։
  4. Ի՞նչ ծրագիր էր «Նեմեսիսը»։
    «Նեմեզիս»-ը ՀՅԴ կազմակերպած հատուկ գործողությունն էր՝ Մեծ Եղեռնի գլխավոր պատասխանատուներից վրեժ լուծելու։ Օսմանյան դատարանը պատերազմում պարտվելուց հետո նրանցից որոշներին մահապատժի էր դատապարտել, բայց նրանք կարողացել էին փախնել, եւ հայ ժողովրդի վրեժխնդրությունը բավարարելու համար որոշում է կայացվում ինքնուրույն պատժել ոճրագործներին։

Տարբեր երկրների աշխատանքային օրենսգրքերի տարօրինակ կետերը

Ըստ Եգիպտոսի աշխատանքային օրենսգրքի՝ միեւնույն աշխատանքը կատարողի փաստացի տարեկան աշխատավարձը չի կարող իջնել, այսինքն՝ քանի որ ինֆլյացիայի հետեւանքով եգիպտական ֆունտի արժեքն անընդհատ ընկնում է, գործատուն պիտի ամեն տարի բարձրացնի աշխատողի աշխատավարձը, որպեսզի նրա փաստացի աշխատավարձը չիջնի։

Ըստ Մադագասկարի օրենսգրքի՝ կանայք չեն կարող գիշերային ժամերին՝ մայրամուտից հետո աշխատել, բացառությամբ ընտանեկան բիզնեսների։ Դա կապված է տեղի կրոնական հավատքների հետ։

Շատ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում կամ Չինաստանում, կանանց արգելվում է կատարել որոշ աշխատանքներ, որոնք կարող են վնասել նրանց ֆիզիկական, մասնավորապես՝ վերարտադրողական առողջությանը։ Ռուսաստանում կանայք չեն կարող աշխատել որպես մետրոյի եւ էսկավատորի վարորդ, հանքարդյունաբերական եւ քիմիական վերամշակման ոլորտներում։

Հնդկաստանում 100 աշխատողից ավել ունեցող գործատուն իրավունք չունի որեւէ պատճառով հեռացնել աշխատանքից աշխատողներին՝ առանց կառավարության թույլտվության, բացառությաւմբ հանցանքի վայրում բռնվելու դեպքերից։

Լերմոնտով – Աղոթք (հայերեն հանգավորված թարգմանություն)

Կյանքիս այս դժվար պահին
Սիրտըս վըշտով է լըցվել։
Մի աղոթք զըմայլելի
Ըշտապում եմ կրկնել։

Կա զարմանահրաշ մի ուժ
Բառերի մեջ ներդաշնակ։
Եւ շնչում է նրանցում
Սրբազնագույն հմայանք։

Հոգուց ծանր բեռի նման
Հավատդ ու լացդ են դուրս գալիս,
Տարակույսներն են ընկնում,
Եւ դառնում ես այնքա՜ն հանգիստ․․․


Բնօրինակ – https://www.culture.ru/poems/37093/molitva

Առաջադրանք

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես՝ հիմա ի՛նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր՝ «Ես եմ, նանի՛, դուռը բա՛ց»։
Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիտ խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի՜ հայացք, այնպիսի՜ աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ, և ասաց․
-Ինչքա՜ն միանման են հաչում շները…