«Վանո Սիրադեղյան» կլոր սեղան․ նախապատրաստական աշխատանք

Վանո Սիրադեղյանը հայ պետական եւ քաղաքական գործիչ, ինչպես նաեւ ակնառու ժամանակակից հայ գրողներից մեկն է եղել։ Եղել է Արցախյան շարժման եւ Հայաստանի անկախացման գործընթացների առանցքային դեմքերից մեկը։ Հանդիսացել է «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, ՀՀՇ կուսակցության համահիմնադիր, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ անդամ։ Սովետական միության փլուզումից հետո եղել է նախ՝ ՀՀ անտառտնտեսության վարչության պետ եւ գերագույն խորհրդի պատգամավոր, հետո՝ Երեւանի քաղաքապետ, այնուհետեւ՝ ներքին գործերի նախարար եւ իշխող ՀՀՇ կուսակցության վարչության պետ։ Նրա կյանքի հենց այս փուլին են վերաբերվում նրա հանդեպ հնչող համակրանքն ու միեւնույն ժամանակ՝ քննադատությունը։ Նա հաճախ է մեղադրվում պաշտոնական դիրքը չարաշահելու, անարդյունավետ գործունեության եւ քաղաքական հետապնդումների մեջ։ Մի խոսքով՝ նրա կերպարը հաճախ դիտվում է վատ կողմից, ընդ որում՝ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, այնպես էլ նրա քաղաքական հակառակորդների կողմից։ Սակայն գոյություն ունի նաեւ սրանից կտրուկ տարբերվող կարծիք՝ լավ կառավարող, հզոր ձեռք ունեցող, խելացի քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին, ով որաստեղծ պետության կայացման մեջ իր մեծ դերն է ունեցել՝ ի հեճուկս ներքաղաքական դժվարին իրադրությանը։ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց հետո Վանո Սիրադեղյանը մեղադրվել է մի շարք ծանր հանցագործությունների մեջ եւ ստիպված է եղել լքել երկիրը։ Մինչեւ մահը եղել է միջազգային հետախուզության մեջ։ Այսպիսով՝ Վանո Սիրադեղյանի քաղաքական գործունեությունը մշտապես ենթարկվում է, մի կողմից՝ խիստ քննադատության, մյուս կողմից՝ գովաբանությունների։

Բացի քաղաքականությունից՝ Վանո Սիրադեղյանը նաեւ զբաղվում էր գրականությամբ, քանի որ մասնագիտությամբ նա բանասեր էր՝ գրում էր ինչպես արձակ, այնպես էլ՝ չափավոր ստեղծագործություններ։ Շատերի կարծիքով՝ նա ժամանակակից հայ գրականության ուժեղագույն դեմքերից մեկն է եղել։