Լեւոն Շիրինյանի հետ փետրվարյան ապստամբության մասին ունեցած հանդիպման լուսաբանում

Փետրվարի 18-ին Ավագ դպրոց այցելեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ հանդիպելու 10-րդ դասարանցիների պատմության ընտրության խմբի հետ, որոնց թվում նաեւ ես էի։ Մեր քննարկման թեման էր՝ Փետրվարյան ապստամբությունը։ Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանի բռնի սովետականացումը, դրա հետեւանքները, մասնավորապես՝ Սովետական կարգերի հաստատմանը հետեւած Հայաստանի տարածքային կորուստները, ինչպես նաեւ Փետրվարյան ապստամբության նախադրալները եւ հետեւանքները Հայաստանի համար։ Պարոն Շիրինյանը նշեց, որ, իր կարծիքով, Հայաստանի պատմության մեջ կոնկրետ կերպարների դերը թերագնահատված է, իսկ որպես օրինակ բերեց Առաջին հանրապետության մեծ գործիչ Արամ Մանուկյանին։ Նա նաեւ հնչեցրեց մի շարք հակասական մտքեր, օրինակ այն, որ Հայաստանի առաջին հանրապետության անկման պատասխանատվությունը զինվորականների վրա է, այլ ոչ՝ քաղաքական ղեկավարության։ Այդ միտքը հակասում է Գարեգին Նժդեհի կարծիքին․ նա իր «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքում Կարսի անկման պատճառների մասին գրում է, որ զինվորականների վրա մեղք գցելն անիմաստ է, եւ որ մեղավոր են, նախ եւ առաջ, աշխարհի բոլոր հայերը, որովհետեւ բավարար քանակով չեն սիրել իրենց երկիրը։

Պարոն Շիրինյանը նաեւ անդրադարձավ այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությանը տարածաշրջանում եւ աշխարհում։ Նա նշեց, որ այսօր էլ Ռուսաստանը, պայմանավորվելով Թուրքիայի հետ, կիսում է ազդեցության գոտիներ մեր տարածաշրջանում, եւ, պատմությունից դասեր քաղելով, մենք պետք է դադարենք հույսներս դնել ուրիշների, նախ եւ առաջ՝ Ռուսաստանի վրա։ 

Այսպիսով, քննարկելով փետրվարյան ապստամբությունը, դրա դերն ու նշանակությունը, հասկացանք, թե ինչու 1920 թվականի իրադարձությունները մեր ազգային պատմությունից երբեք չպետք է ջնջվեն։