«Երկլեզու Հայաստան՝ անլեզու Հայաստան»

Ինձ Վանո Սիրադեղյանի կերպարը դուր չի գալիս եւ երբեք դուր չի եկել։ Խոսքը այստեղ հենց լեզվի մասին է, եւ ես հենց չեմ հավանում Վանո Սիրադեղյանին իր «արտահայտիչ խոսքի» պատճառով, ինչի համար նրան, հաճախ, ընդհակառակը՝ գովում են։ Ինձ այդ իր բառապաշարը դուր չի գալիս։ Եթե նա գրեր այլ կերպ՝ ցույց տար հասարակության խնդիրները, առաջարկեր դրանք լուծելու ձեւերը, ոչ թե անդադար ատելության խոսք տարածեր ժողովրդի 90 տոկոսի հանդեպ, գուցե ես նրան համակրեի։ Խոսքը չի գնում նրա քաղաքական գործունեության մասին, այլ միայն վերաբերվում է նրա խոսելաոճին։ Նա անդադար բոլորին փնովում է, քաղաքական գործիչների մասին անում է անհարիր արտահայտություններ, առավել եւս՝ նախկին պաշտոնյայի համար։ Նրա բոլոր հոդվածներից փչում է երթուղային տրանսպորտի վարորդի եւ գործարանից ուշացող աշխատողի զրույցը վաղ առավոտյան՝ «Այ ախպեր, էս ի՜նչ ա էս երկրի վիճակը, էս ի՜նչ ազգ ա»։ Ինչ վերաբերվում է սույն հոդվծի պարունակությանը՝ լիովին համաձայն եմ։ Ինքս եմ նյարդայնանում ամեն անգամ, երբ լսում եմ ռուսաբանություններ, որոնք հեշտությամբ կարող են փոխարինվել հայերեն համարժեք բառերով, որոնք հնչում են շատ ավելի համահունչ։ Սակայն Վանո Սիրադեղյանն ինքն է ամեն հարմար առիթով շտապում օգտագործել արաբերեն կամ թուրքերեն բառեր, երեւի, համարելով, որ դա իր խոսքն ավելի արտահայտիչ է դարձնում։ Ես այդպես չեմ համարում։

Leave a comment