Սերգեյ Դովլաթով – «Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք լեռներում» (թարգմանություն)

Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք լեռներում։ Դրանք մեր ոտքերի առաջ էին փռված՝ որպես բրդոտ շներ։ Մեզ համար այդ սարերը վաղուց արդեն ընտանի էին՝ քաշում էին վրաններով, պատերազմներով եւ երգերով լի մեր ուղեբեռները։ Մեր խարույկները սափրում էին դրանց բուրդը։ Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք սարերում։ Մեր՝ ամպերի նմանվող ոչխարները ծածկում էին ծաղկող ձորերը։ Արագահոս, փրփրոտ գետերը՝ սպիտակ, ինչպես դաշույնը, կամ ցասումը, շուռ էին տալիս ծանր, թաց քարերը։ Արեւը հալչում էր զորեղ հայկական ծոծրակների վրա։ Թփուտներում թափառում էին ստվերները՝ վախեցնելով զգուշավորներին։
Անցնում էին տարիները՝ ուսերին գցելով շիկացած արեւի ծանրությունը, թափահարելով տեղական ամսագրերը, դանդաղեցնելով քայլերը՝ «էսկիմո» գնելու համար։ Անցնում էին տարիներ․․․
Կար ժամանակ, երբ մենք ապրում էինք սարերում։ Հիմա մենք բնակվում ենք կոոպերատիվ բնակարաններում։
Երեկ զանգահարեց Արմենակ քեռիս․
-Կգաս ծննդյանս տարեդարձին։ Ես ծնվել եմ վաղը։ Չգաս՝ կնեղանամ ու կխփեմ․․․
Երբ ես եկա, հյուրերն արդեն հավաքվել էին։
-Չորս տարի քեզ չեի տեսել, – ուրախացավ Արմենակ քեռին, – ահագին կարոտել էի։
-Տասնմեկ տարի քեզ չէի տեսել, – շարունակեց Աշոտ քեռին, – շատ էի կարոտել։
-Առաջին անգամ եմ քեզ տեսնում, – քայլեց դեպի ինձ Խորեն քեռին, – ահավոր կարոտել էի։
Ու բոլորն սկսեցին լալ, իսկ ես գնացի խոհանոց։ Ուզում էի գրկել Սիրանուշ քեռակնոջը։ Եռեսուն տարի առաջ Արմենակը առեւանգել էր նրան ծեր Բելգարենց տնից։ Ահա թե ինչպես էր դա եղել։
Արմենակը մոտեցավ Տեր-Մատթեւոսովների տանը՝ կարմրահեր նժույգ հեծած։ Նա կապեց ձիուն դարպասից եւ գոչեց․
-Բելգա՛ր Ֆոմիչ։ Գործ ունեմ քեզ հետ։
Հունիսյան տոթ կեսօր էր։ Բելգար Ֆոմիչը դուրս եկավ պատշգամբ եւ ջղային հարցրեց․
-Ի՞նչ է, հո չե՞ս պատրաստվում միակ աղջկաս փախցնել։
-Ես դեմ չէի լինի, – համաձայնվել է քեռիս։
-Ո՞վ է քեզ խորհուրդ տվել նրան։
-Սարգիսն է խորհուրդ տվել։
-Եւ դու որոշեցիր նրան փախցնե՞լ։ – Քեռին գլխով արեց։
-Հատա՞տ ես որոշել։
-Հաստատ։
Ծերուկը ծափ տվեց։ Միանգամից հայտնվեց Սիրանուշ Բելգարի Տեր-Մաթեւոսովը։ Նա բարձրացրեց գլուխը եւ ի լուր համայն ախշարհի՝ երեւացին նրա մուգ աչքերը։ Նրա մազերի հեղեղը անմիջապես տարածվեց։ Հաղթված արեւը նահանջեց մոշի թփի ետեւը։
-Ձեզ երջանկություն եմ մաղթում, – արտաբերեց Բելգարը, – ոտքներդ շատ կախ չգցեք։ Հետապնդողներին կուղարկեմ քառասուն րոպեից։ Իմ որդիները հենց այդ ժամանակ վերադառնալու են բաղնիքից։ Կարծում եմ՝ նրանք կուզենան քեզ սպանել։
-Բնականաբար, – գլխով արեց Արմենակը։ Նա քայլեց դեպի դարպասը։ Բայց այստեղ պարզվեց, որ ձին սատկել է։
-Ոչինչ, – ասաց Բելգար Ֆոմիչը, – ես քեզ իմ հեծանիվս կտամ։
-Կուզեի, հայր իմ, որ հետապնդումը կարգին տեսք ունենար։ Թող հագնեն մաքուր վերնաշապիկներ։ Գիտեմ ես քո տղաներին։ Այնպես արա, որ առիթ չունենամ էդ տղեքի պատճառով կարմրելու։
-Գնա եւ մի անհանգստացիր, – հավաստիացրեց ծերուկը, – ես կզբաղվեմ հետապնդման հարցով։
-Մենք կսպասենք նրանց սարի վրայի շաուրմայանոցում։
Արմենակի ու Սիրանուշի պատկերները փոշու ամպում անհետացան։ Կես ժամից նրանք նստած էին շաուրմայանոցում։
Եւս կես ժամ անց դռները բացվեցին եւ Տեր-Մաթեւոսովները խուժեցին ներս։ Նրանք մուգ կոստյումներ եւ մաքուր վերնաշապիկներ էին կրում։ Բրդոտ փափախները շողում էին թեթեւամիտ գլուխների վրա։ Կատաղած գոռում-գոչումից պատերին հայտնվեցին քերծվածքներ։
-Օ՜ դու, շնագայ, – գոռաց ավագը՝ Արամը, – Դու մեր միակ քրոջն ես առեւանգել։ Դու կմահահնաս։ Հեյ, ո՞վ է ավելի մոտ, սպանե՛ք նրան։
-Գլողը տանի, – թլոշ ձայնով ասաց կրտեսրը՝ Լեւոնը, – կնելեք ինձ։ Ես թողել եմ հլացանը տաքսիի բելնախցիկում։
-Լավ է, որ ես գրեցի մեքենայի համարանիշները, – հանգստացրեց միջինը՝ Գիգոն։
-Բայց ախր մենք սիրու՜մ ենք միմյանց, – բացականչեց Սիրանուշը։
-Ահա՞ թե ինչ, – զարմացավ Արամը, – դա ամեն ինչ փոխում է։
-Առավել եւս, որ մենք հրացանը կորցրինք, – ավելացրեց Գիգոն։
-Դե, կալող ենք եւ խեղդել, – ավելացրեց Լեւոնը։
-Ավելի լավ է՝ խմենք, – խաղաղասիրաբար առաջարկեց Արմենակը։
Դրանից հետո նրանք անբաժան են։
Ես գրկեցի քեռակնոջը եւ հարցրեցի․
-Առողջությունդ ինչպե՞ս է։
-Հիվանդ եմ, – պատասխանեց Սիրանուշ քեռակինը, – Պիտի պոլիկլինիկայում ստուգվեմ։
-Ավելի լավ է՝ սեփական անձնագիրդ ստուգիր, – պատասխանեց կոպիտ Արմենակը, եւ ավելացրեց․ – այնտեղ ամեն ինչ գրված է․․․
Այդ ընթացքում հյուրերը նստեցին սեղանի շուրջը։ Կենտրոնում հոկեյի դաշտի նմանվող դոնդողը փայլատակում էր։ Ալ վարդի գույնով վառվում էր երշիկը։ Վինեգրետի խճճված նախշը հակասում էր կարագի ու պանիրների երկրաչափական պարզությունը։ Նրբերշիկների դասավորվածությունը հուշում էր դրանց տխուր նախապատմության մասին։ Տառեխների կաշիները աղոտ արտացոլում էին գերմանական ջահերի լույսերը։
Խորեն քեռին բարձրացրեց բաժակը։ Բոլորը լռեցին․
-Ես ուրախ եմ, որ մենք միասին ենք, – ասաց նա, – դա հիասքանչ է։ Հայերը արդեն վաղուցվանից պետք է միավորվեն։ Իհարկե, բոլոր ազգերը հավասար են։ Սպիտակները, դեղինները, կարմրամորթները․․․ եւ, դե, դրանք․․․ ո՞նց էին դրանց ասում․․․ դե, սպիտակի ու նեգրի խառնուրդը․․․
-Մուլ, մուլեր, – հուշեց ավելի կիրթ Աշոտը։
-Հա, եւ մուլերը, – շարունակեց Խորենը, – եւ մուլերրը։ Բայց, միեւնույն է, հայը առանձնահատուկ ազգ է։ Եթե մենք միանանք, բոլորը մեզ կսկսեն հարգել, նույնիսկ վրացիները։ Այնպես որ խմենք մեր հայրենիքի կենացը։ Մեր սարերի կենացը․․․
Խորեն քեռին դժվար կյանք էր ապրել։ Մինչ պատերազմը նա ինչ-որ տեղ մատակարարման պետ է եղել։ Հետո խոշոր կորուստ գրանցվեց՝ մեկ միլիոն․․․
Դատը մի ամիս տեւեց։
-Դուք դատապարտվում եք․․․ – հանդիսավոր կերպով հայտարարեց դատավորը, – պատժի առավելագույն չափին, գնդակահարությո՛ւն։
-Վա՛յ, – գոռաց Խորեն քեռին եւ ընկավ գետնին։
-Կներեք, – ժպտաց դատավորը, – կատակ եմ անում։ Տասը օր՝ պայմանական պատիժ․․․
Ծերանալով՝ Խորեն քեռին սկսեց սիրելով պատմել, թե ինչքան է ինքը տուժել երեսունականների բռնաճնշումների տարիներին․․․
Սեղանի շուրջը աղմկոտ էր։ Գինու բծերը սփռոցը նմանեցնում էին աշխարհագրական քարտեզի։ Ափսեների աղմուկը աղետ էր խոստանում։ Դոնդողի դողդողացող ավերակների վրա հանգչում էին ծխախոտի մնացորդները։
Աշոտ քեռին բարձրացրեց բաժակը եւ գոչեց․
-Խմենք մեր հոր կենացը։ Հիշու՞մ եք՝ ինչ իմաստուն մարդ եք։ Հիշու՞մ եք՝ ոնց էր մեզ ծեծում սանձով։ Հանկարծ Արմենակ քեռին իր փորը թփթփացրեց։ Հետո ոտքով հարվածեց հղկված պահարանին։ Պարը սկսվեց։
Խորեն քեռին շրջվեց դեպի ինձ եւ ասաց․
-Օղին քիչ է։ Դու ամենաերիտասարդն ես։ Գնա մթերային։
-Հեռու՞ է, – հարցնում եմ։
-Երկու թաղ այստեղից։
Ես դուրս եկա փողոց, հետեւում թողնելով խմբային երգեցողություն եւ պարային խառնաշփոթ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես՝ երկու հարյուր հոգի միաժամանակ կոշիկ են փորձում։
Տասնհինգ րոպեից վերադարձա։ Դեպի քեռիենց տուն ձգվում էր հրշեջ մեքենաների շարք։ Պատշգամբներում հետաքրքրասերները կանգնած դիտում էին։
Չորրորդ հարկի պատուհաններից դուրս էր փչում ծխի փող, ձուլվելով երկնագույն երկնքին։
Գլխավոր մուտքի դռները կտրուկ բացվեցին։ Միլիցիոներները տանում էին Արմենակ քեռուն։ Ինձ նկատելով՝ քեռին աշխուժացավ․
-Հայերը արդեն վաղուց պետք է միավորվեն, – բացականչեց քեռին։
Եւ քայլեց դեպի իմ կողմը։
Բայց միլիցիոներները ամուր բռնել էին նրան։ Նրանք տարան քեռուն ճաղավանդակով պատուհանով ավտոմեքենայի ուղղությամբ։ Դուռը փակվեց։ Մեքենան կորավ շրջադարձից այն կողմ։
Սիրանուշ քեռակինը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։ Պարզվում է՝ քեռին առաջարկել էր խարույկ վառել եւ խորոված անել։
-Դու մանրահատակը կայրես, – կանգնեցրել էր նրան Սիրանուշը։
-Մոտս մի քիչ տանիքի երեսապատման երկաթ ունեմ, – ասել էր Խորեն քեռին։
-Այստեղ տուր, – հրամայել էր քեռիս՝ զննելով ֆիննական կահույքը․․․
Կար ժամանակ, երբ մենք լեռներում էինք ապրում։ Նրանք՝ ձիերը, Ռուսաստանի սահմաններից հարավ թափառել են։ Մենք նրանց ընտելացրել էինք անազատությանը, սանձերին։ Մենք նրանց չենք դադարել սիրել։ Բայց այդ սերը մնացել է միայն մեր երգերում։
Կար ժամանակ, երբ մենք ավելի սեւ էինք։ Օրերով թավալվում էինք Սեւանի ափին։ Եւ, տեսնելով գեղեցիկ աղջկա, փայտով գրում էինք ավազին սիրո խոսքեր․․․
Կար ժամանակ, երբ մենք ձի էինք հեծնում։ Իսկ այժմ ճզմվում ենք տրոլեյբուսների ետին շարքերում։ Եւ քնում ենք կանգնած։
Կար ժամանակ, երբ մենք իջնում էինք գինու նկուղ։ Հիմա վազում ենք մթերային։
Մենք նորակառույց շենքերի նկուղները գերադասեցինք սարերից։
Մենք նեղացնում ենք կանանց եւ խարույկ ենք վառում մանրահատակին։
ԲԱՅՑ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ՍԱՐԵՐՈՒՄ ԷԻՆՔ ԱՊՐՈՒՄ։

Սկզբնաղբյուր

Leave a comment