ԵՊՀ-ում պանելային քննարկման լուսաբանում

Դեկտեմբերի 10-ին պատմության ընտրության խմբով այցելեցինք ԵՊՀ՝ մասնակցելու միջազգային հարաբերությունների եւ արեւելագիտության ֆակուլտետների ուսանողների համատեղ ջանքերով կազմակերպված քննարկմանը՝ «Հայաստանը եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հանդիպման ընթացքում  իրենց դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ պրն Վարդան Ոսկանյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ պրն Հայկ Քոչարյանը, ինչպես նաեւ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, թուրքագետ պրն Վարուժան Գեղամյանը։ Նրանց զեկուցումները չափազանց հետաքրքիր էին․ քննարկման թեմաները ոչ միայն մեր տարածաշրջանային երկրները եւ դրանց փոխհարաբերություններն էին, այլև այն, թե ինչպես են այդ երկրները առնչվում աշխարհի այլ պետությունների հետ։ Այնուամենայնիվ, քննարկման առանցքային հարցն այն էր, թե ինչպես են տարածաշրջանային- աշխարհաքաղաքական զարգացումներն ազդում մեր պետության վրա։ Այս քննարկման շնորհիվ լրացրի գիտելիքներս այնպիսի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են քրդերի հիմնախնդիրը, Պարսից ծոցի եւ Կարմիր ծովի նեղուցների դերը համաշխարհային առեւտրի մեջ, սիրիական պատերազմը, տարբեր պետությունների ռազմաբազաները եւ դրանց ազդեցությունը Մերձավոր Արևելքի երկրների վրա, պատերազմը Եմենում, շիա եւ սունի մահմեդականների հակամարտությունը, հնարավոր «միջանցքները» Հարավային Կովկասում, ու թե որ ուղղություններով դրանք կարող են բացվել, սահմանների բացումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսրայելա-պաղեստինյան պատերազմները, Իրանի եւ Իսրայելի հարաբերությունների սրումը եւ դրա հնարավոր հետեւանքները մոտ ապագայում, Չինաստանի եւ Իրանի մերձեցման պատճառները, Պարսից ծոց-Սեւ ծով առեւտրական ճանապարհի՝ Ադրբեջանով կամ Հայաստանով անցնելու հարցը, եւ այլն։
Մի խոսքով, բավականին արդյունավետ և օգտակար քննարկում էր: