Ավանի ձուլարան․ հնարավոր ռիսկերը

Ավան վարչական շրջանում (որտեղ ես եմ ապրում) նախատեսվում է բացել մետաղի ձուլարան։ Խոսքը գնում է Աճառյան 2 փակուղի հասցեում արդեն գոյություն ունեցող մետաղական ջարդոնների պահեստի հարեւանությամբ երկաթի, պղնձի եւ ալյումինի ձուլարան բացելու մասին։ Առաջին անգամ շահագործող «Քոփփեր» ընկերությունը հայտ էր ներկայացրել սեպտեմբերին, սակայն բնապահպանության նախարարությունից եւ քաղաքապետարանից բացասական եզրակացություններ էր ստացել։ Պատճառը, բացի էկոլոգիական վնասից, նաեւ այն էր, որ ձուլարանը պատրաստվում էին բացել առանց անգամ համայնքի բնակիչների կարծիքը հարցնելու, կոպիտ ասած՝ բնակիչներից թաքուն․ սույն թվականի սեպտեմբերին, իբր, կայացել են հանրային լսումներ, սակայն, բնակիչների շրջանում որեւէ լուրջ իրազեկման բացակայության պատճառով, իրական բնակիչներից ոչ ոք չի եկել։ Սեպտեմբերի 16-ին, երբ տեղի են ունեցել առաջին իրական հանրային լսումները, բնակիչներն այդ մասին իրենց բողոքն են ներկայացրել, այդ պատճառով էլ այդ անգամ ընկերությանը չի հաջողվել ստանալ թույլտվություն։ Սակայն այժմ, մի քանի ամիս անց, ընկերությունը նորից է հայտ ներկայացրել համայնքապետարան, հանրային լսումները շարունակվում են։

Այժմ մի քիչ տեղեկություն նախագծի մասին․ ըստ նախագծի պլանի՝ մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, տարեկան ընդհանուր՝ 0,665 տ: Սրանք շատ մեծ ծավալներ չեն, սակայն կասկածներ կան, որ իրականում ընկերությունը ստում է արտանետումների ծավալի մասին, առավել եւս, որ նման նախադեպեր, նման այլ իրավիճակներում, բազմիցս եղել են։ Բացի դրանից՝ այժմ գոյություն ունեցող պահեստում կան նաեւ կապարի թափոններ, որոնք ձուլելու դեպքում շրջակա միջավայրին կհասցվի շատ ավելի մեծ ծավալի վնաս։ Ընկերությունն, իհարկե, հերքում է, որ ձուլարանում կապար է ձուլվելու: Նրանք խոստովանում են, որ պահեստում կա նաեւ կապար, սակայն նրանք նաեւ ասում են, թե իբր՝ այդ կապարը նրանք չեն ձուլելու եւ հենց թափոնների տեսքով էլ վերավաճառելու են արտասահմանյան ընկերություններին, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս։

Նաեւ կա հարցի եւս մեկ կողմ․ ձուլարանը գտնվելու է բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ։ Ավելին՝ ձուլարանը նաեւ շատ մոտ է գտնվելու մոտակա մանկապարտեզին, ինչը կարող է լուրջ վտանգ ներկայացնել երեխաների առողջությանը։ Եւ ընդհանրապես՝ բնակելի տարածքում ձուլարան կառուցելը, ըստ բնակիչների, անթույլատրելի է։ Հանրային լսումների ժամանակ կարծիքներ են հնչել, թե ընկերությունը չի ցանկանում կառուցել ձուլարան ոչ բնակելի տարածքում, զի ուղղակի չի ցանկանում մի փոքր ավել գումար ծախսել ջարդոնների տեղափոխման համար՝ ավելի նպատակահարմար գտնելով վտանգել բնակիչների առողջությունը եւ աղտոտել շրջակա միջավայրը։ Մի խոսքով՝ ունենք մի շատ կասկածելի ծրագիր, որը երկար ժամանակ թաքցվում էր համայնքի բնակիչներից։ Հետաքրքիր է՝ ինչու՞, եթե ընկերությունը ասում է, որ ձուլարանը ոչ մի լուրջ վտանգ ոչ ոքին չի ներկայացնելու։

Leave a comment